Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

«Ռմբակոծություններ» Duru օճառով ՝ Բաքվի «մասշտաբային» օրակարգի ֆոնին

«Ռմբակոծություններ» Duru օճառով ՝ Բաքվի «մասշտաբային» օրակարգի ֆոնին
12.08.2026 | 17:28

(կամ՝ ինչու՞ է իշխանության «աղմուկն» ուղղված ներս, իսկ «լռությունը»՝ Բաքվին)

Մինչ ՔՊ-ական մանդատակիր թերուս տարրերը, թուրքական «Duru» էժան օճառով «զինված», 24/7 ռեժիմով շարունակում են թլվատ «ռմբակոծումները» Հայոց Վեհափառի հասցեին, Ալլահշուքյուր Փաշազադեի հայրենակիցները, իրենց սովորության համաձայն, ապագայամետ ու ավելի «մասշտաբային» գործերով են զբաղված։

«Sputnik Արմենիա»-ի հաղորդմամբ՝ Ալիևը պնդում է, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ TRIPP նախագծի շրջանակում կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։ Ադրբեջանի նախագահը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում «զգուշացրել է» Հայաստանին էներգետիկ ճգնաժամի մասին՝ ԱԷԿ-ի փակումից հետո, մի բան, որին երկար տարիներ ձգտում են Բաքուն ու Անկարան։ Ճգնաժամից խուսափելու նպատակով Բաքուն պատրաստակամություն է հայտնել ապահովելու «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ Թրամփի հետ խոսել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքում երկաթգծի կառուցման մասին, իսկ այդ խոսակցությունից «պարզ է դարձել, որ շինարարությունը պետք է սկսվի հենց այս տարի»։

Եզրահանգումն աներկբայորեն մեկն է. ՀՀ գործող վարչախմբի հանցավոր լռությամբ ու թողտվությամբ իրականացվում է դասական հիբրիդային օկուպացիայի ռազմավարություն։

Մինչ Երևանում վարչական ողջ ռեսուրսը ծառայեցվում է հայ հանրության դիմադրողականության վերջին հենասյունը՝ Հայ Առաքելական Եկեղեցին վարկաբեկելու գործին, Ադրբեջանը հետևողականորեն կյանքի է կոչում Հայաստանի «լուռ» ենթարկեցման ծրագիրը:

Երբ թշնամական պետության «մասնագետներն» են որոշում Հայաստանի «ինքնիշխան» տարածքում էլեկտրասյուների տեղադրման վայրերը, իսկ պաշտոնական Երևանը լռում է, դա արդեն դիվանագիտական բացթողում չէ, այլ սեփական տարածքի նկատմամբ վերահսկողության իրավունքի կամավոր հանձնում։

Նման հայտարարություններով Բաքուն ձգտում է հանրային գիտակցության մեջ սովորական դարձնել այն ընկալումը, որ Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերը կարող են նախագծել կամ վերահսկել արտաքին ուժերը։

Ինչպես հենց ռուսերենով սիրում էր ասել «Իրատեսի» վերլուծաբան, լուսահոգի Կարմեն Դավթյանը՝ «и ежу понятно», որ Հայկական ԱԷԿ-ի փակման պահանջն ու ադրբեջանական էլեկտրաէներգիայի «փրկարար» առաջարկը նպատակ ունեն Հայաստանին զրկելու էներգետիկ անկախությունից՝ հանրապետությունը ենթարկելով Բաքվի «անջատիչի» քմահաճույքին։

ՈՒ՞մ պարզ չէ․ ամերիկյան բարձրաստիճան գործիչների անունների հիշատակումը հստակ նպատակ ունի՝ սեփական պահանջներին տալ միջազգային կշիռ ու լեգիտիմություն՝ ստեղծելով տպավորություն, թե հարցն արդեն համաձայնեցված է գերտերությունների մակարդակով։ Իսկ «շինարարությունը պետք է սկսվի այս տարի» կտրուկ ձևակերպմամբ Ալիևը Հայաստանին մղում է տոտալ շտապողականության դաշտ, որպեսզի որոշումներն ընդունվեն առանց խորը փորձագիտական ու անվտանգային գնահատման՝ Երևանին կանգնեցնելով կատարված փաստի առաջ։

Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերից հնչեցված այս հայտարարությունը համալիր տեղեկատվական-քաղաքական գրոհ է։ Դրա հիմնական նպատակն է՝ թուլացնել Հայաստանի էներգետիկ ու տարածքային ինքնիշխանությունը, փոխել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի (TRIPP և այլն) տրամաբանությունը՝ դրանք ծառայեցնելով Բաքվի ռազմավարական շահերին, և ամենակարևորը՝ հոգեբանական ջլատող ճնշում գործադրել ՀՀ հանրության ու պաշտոնական Երևանի վրա։

Իր այդ բարձրաձայնումով Հեյդարօղլին բացահայտում է դառը իրականությունը․ տարածաշրջանային ուղիների տրամաբանությունը որոշվում է առանց Երևանի իրական մասնակցության։

Ասել է՝ Եկեղեցու և Վեհափառի դեմ պատերազմող իշխանության ներքին «մարտավարությունը» ոչ միայն աչք է փակում արտաքին սպառնալիքների վրա, այլև Հայաստանին զրկում է սեփական տարածքով անցնող ուղիները վերահսկելու, մաքսային ու անվտանգային պայմաններ պարտադրելու վերջին լծակներից։

Փաստորեն, TRIPP կամ այլ ենթակառուցվածքային փաթեթավորումների տակ Բաքուն հետևողականորեն առաջ է մղում Սյունիքով արտատարածքային կամ հատուկ ռեժիմով միջանցք ստանալու իր բուն նպատակը: Իսկ պաշտոնական Երևանի վախկոտ դիրքավորումն ու ամոթալի լռությունը միջազգային դերակատարներին հստակ ազդակ են հղում․ Հայաստանի տարածքն արտաքին պլանավորման և սակարկությունների սովորական օբյեկտ է:

Եզրակացությունը մեկն է․ Փաշազադեի հայրենակիցները գործում են հստակ, հաշվարկված և ապագային միտված ռազմավարությամբ, իսկ Հայաստանի իշխանությունները՝ հանցավոր ինֆանտիլիզմով ու լռությամբ։ Նման կեցվածքը ոչ միայն անգործություն է, այլև ուղղակի մասնակցություն Հայաստանի պետականության և ինքնիշխանության աստիճանական լուծարմանը։

Մինչդեռ Բաքվի տեղեկատվական-քաղաքական գրոհին դիմակայելու և սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու համար պետական ապարատը կարող էր և պարտավո՛ր էր իրականացնել հստակ, հաշվարկված հակաքայլեր․

ա) ՀՀ ԱԳՆ-ն պետք է անհապաղ դիվանագիտական նոտա հղեր Ադրբեջանին (պատճենները փոխանցելով ՄԱԿ-ի ԱԱԽ մշտական անդամներին ու ԵԱՀԿ-ին)՝ ամրագրելով, որ Հայաստանի տարածքում առանց Երևանի թույլտվության իրականացված ցանկացած «տեխնիկական վերլուծություն» կամ հենարանների տեղադրման պլանավորում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։

բ) Հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ Բաքվի մանիպուլյացիաներին ի պատասխան՝ Հայաստանը պետք է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հարթակում հանդես գար պաշտոնական հայտարարությամբ՝ վերահաստատելով կայանի անվտանգության բարձր մակարդակը և ներկայացներ նոր ատոմային բլոկի կառուցման հստակ ռազմավարությունը։

գ) Թրամփի վարչակազմի անունը շահարկելու փորձերին հակազդելու համար դիվանագիտական խողովակներով պետք է անհապաղ պաշտոնական պարզաբանում պահանջվեր Վաշինգտոնից՝ հանրային դաշտում հերքելով Բաքվի այն պնդումը, թե իբր Հայաստանի տարածքի վերաբերյալ որոշումներն արդեն «կայացված են»։

դ) ՀՀ Էներգետիկայի և Տարածքային կառավարման նախարարությունները պետք է հանդես գային համատեղ հայտարարությամբ՝ ֆիքսելով․ «Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ենթակառուցվածքի տեղադրում, նախագծում կամ կառուցում հանդիսանում է բացառապես ՀՀ ինքնիշխան իրավասությունը։ Որևէ արտաքին ուժ կամ մասնագիտական խումբ իրավունք չունի և չի կարող ՀՀ տարածքում իրականացնել նման գործողություններ»։

ե) TRIPP կամ այլ ծրագրերի մասին խոսելիս Երևանը պետք է հստակեցներ իր պայմանները․ ցանկացած ճանապարհ կամ էլեկտրահաղորդման գիծ գործելու է բացառապես ՀՀ իրավազորության, մաքսային և սահմանային վերահսկողության ներքո։ Իսկ շինարարության ժամկետները սահմանում է Հայաստանը՝ սեփական ազգային շահերից ելնելով, այլ ոչ թե Բաքվի պարտադրած «այս տարի» գրաֆիկով։

զ) Բաքվի «էներգետիկ օգնության» թեզը ջախջախելու համար իշխանությունները պետք է ներկայացնեին էներգետիկ համակարգի արդիականացման, վերականգնվող էներգետիկայի և Իրանի ու Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման իրական ծրագրերը՝ ցույց տալով, որ Հայաստանն Ադրբեջանից էլեկտրաէներգիա ստանալու որևէ կարիք չունի։

է) Անելիք ունեին նաև ԱԱԾ-ն ու Պաշտպանության նախարարությունը։ Եթե Բաքուն պնդում է, թե «իրենց մասնագետները վերլուծություն են կատարել ՀՀ տարածքում», ապա հիշատակված կառույցները պետք է հանդես գային հայտարարությամբ՝ հերքելով ապօրինի սահմանահատումները կամ ներկայացնեին սահմանային անվտանգության ապահովման հստակ մեխանիզմները՝ փարատելով հանրային անհանգստությունը։

Ցավոք, դեռևս լռություն է, իսկ բարձր ամբիոններից հենց այս պահին էլ հնչող հիստերիկ ճղճղոցները միտված են միայն ներքին լսարանի «զինաթափմանը»։

Անդաստիարակ գռեհիկների մի խումբ, «Կտրիճ Ներսիսյան» բառաչելով, Կաթողիկոսի անկողինն ու անձնական կյանքն են քջջում, «վիրտուալ» զավակ փնտրում ու Հայրապետին կառափնարան հանում։

Ինչքա՜ն սրբապիղծ ու անբարո են սրանք․ մի ողջ սերունդ «Եռաբլուրում» պառկեցրել են, ու հիմա ընկել են եղած-չեղած մի հայ զավակի հետևից։

Եթե անգամ որդի կամ դուստր կա, ապա ուրախացեք՝ հա՜յ երեխա է, հա՜յ է ծնվել։

Բայց ո՛չ, դուք ո՞նց կարող եք ուրախանալ հայի ծնունդով․ չէ՞ որ ձեր «առաքելությունը» սեփական ձեռքերով ստեղծած ավերակների վրա անձնական կյանքի կեղտոտ ու «բազարային» քննարկումներով հանրությանը թունավորելն է։

Հետևությունը մեկն է․ Բաքվից հնչող յուրաքանչյուր պարտադրանքին Երևանից արձագանքում են Եկեղեցու դեմ հերթական «ասպատակությամբ»։

Սրանց արածը հայի դիմադրողականությունը ներսից կաթվածահար անելու և պետականությունը պատառ-պատառ թշնամուն հանձնելու հանցավոր ընթացք է, աստիճանական ինքնասպանություն՝ թշնամու թելադրած սցենարով։

Պատմությունը չի մոռանալու ո՛չ Բաքվի լկտիությունը, ո՛չ էլ Երևանի ամոթալի լռությունը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ